Փորձի փոխանակման հանդիպում կոալիցիայի անդամ կազմակերպությունների և Հայաստանից, Էստոնիայից, Լեհաստանից և Վրաստանից երիտասարդական աշխատողների միջև

Մայիսի 17-ին Երևանի Իբիս հյուրանոցում Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիան Արմավիրի զարգացման կենտրոն, Tartu Youth Work Center, Fundacja proFesjonalni Aktywni Qlturalni Mlodzi, RICDOG կազմակերպությունների հետ համատեղ իրականացրեց փորձի փոխանակման համաժողով։

Վերը նշված կազմակերպությունները Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացնում են «Ներառական երիտասարդական աշխատանք» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել մասնակից կազմակերպությունների կարողությունները ի նպաստ հաշմանդամություն ունեցող երիտասարդների ներառականության՝ երիտասարդական աշխատանքի միջոցով։ Այս պահին Հայաստանից, Էստոնիայից, Լեհաստանից և Վրաստանից 15 ներկայացուցիչներ Հայաստանում են ճանաչողական այցով՝ փորձի փոխանակման նպատակով։

Հանդիպման սկզբում Տարտուի երիտասարդական աշխատանքի կենտրոնի աշխատակից և ծրագրի ղեկավար Մարիլիս Մարեմաեն ներկայացրեց «Ներառական երիտասարդական աշխատանք» ծրագրի նպատակը և գործողությունները։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերապատրաստել երիտասարդական աշխատողների, բարձրացնել նրանց իրազեկվածության մակարդակը ներառականության վերաբերյալ և ստեղծել երիտասարդական աշխատողների ցանց։

«Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի ղեկավար Նաիրա Առաքելյանը խոսեց ծրագրի նպատակների, գործողությունների և արդյունքների վերաբերյալ․ «Ծրագրի շրջանակներում ձևավորվել և շարունակում է ամրապնդվել համագործակցությունը մարզային ՔՀԿ-ների ու կառավարության, ինչպես նաև այլ պետական մարմինների միջև՝ մեծացնելով հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներում ՔՀԿ-ների դերն ու մասնակցությունը»։

Նաիրա Առաքելյանը իր խոսքում նշեց նաև այս հանդիպման կարևորության մասին, որը հնարավորություն կտա հայաստանյան և եվրոպական կազմակերպություններին ուսումնասիրել միմյանց փորձը, հասկանալ նմանություններն ու տարբերությունները և հաջողված մեթոդները միմյանց հետ կիսել ու կիրառել սեփական երկրում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետԱրթուր Կեսոյանը մասնակիցներին ներկայացրեց Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները պետական պատվերի շրջանակներում, նրանց կյանքի բարելավմանն ուղղված նախարարության քայլերը։

ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը խոսեց համընդհանոյւր ներառականության անցման քաղաքականության, ներառական դպրոցների, դրանց առջև ծառացած խնդիրների վերաբերյալ․ «Մենք ընդունում ենք այն փաստը, որ շատ դեպքերում ներառական դպրոցներում աշխատող մանկավարժահոգեբանական թիմերը ոչ թե վերապատրաստման, այլ ընդհանրապես պատրաստման կարիք ունեն։ Մեկ այլ խնդիր է բարձրագույն կրթության համակարգի կողմից որակյալ մասնագետների պատրաստումը։ Խնդիրները բազմաթիվ են, և մենք ակնկալում և պատրաստ ենք ՔՀԿ-ների և փորձագետների հետ համագործակցության»։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերինախարարության Երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը ներկայացրեց երիտասարդական աշխատանքի ինստիտուտը Հայաստանում, դրա զարգացման ուղղությունները, իր խոսքում կարևորեց երիտասարդական աշխատողի դերը ներառականության ապահովման գործում։

Թամարա Թորոսյանը «Արազա» ԲՀԿ-ի նախագահ Թամարա Աբրահամյանի այն հարցին, թե ինչ մեխանիզմներ են նախատեսված պետական գերատեսչությունների կողմից ՔՀԿ-ներին 2020 թվականի բյուջետային հայտերի մշակման գործընթացում ներգրավելու ուղղությամբ, պատասխանեց, որ իրենք կարևորում են միջսեկտորալ համագործակցությունը. «Իսկապես յուրաքանչյուր խնդիր պահանջում է մի քանի գերատեսչությունների համատեղ աշխատանքը։ Մենք միշտ պատրաստ ենք ներգրավվել բոլոր շահագրգիռ կողմերին՝ ՔՀԿ-ներին, միջազգային կազմակերպություններին, որպեսզի բացառենք ռեսուրսների կրկնակի և ոչ արդյունավետ օգտագործումը»։

Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետԱրթուր Կեսոյանը նշեց նաև, որ շատ հաճախ համագործակցության պասիվությունը նկատվում է հենց ՀԿ-ների մոտ։ Օրինակ՝ e-draft.am կայքում արդեն տեղադրված է նախարարության կողմից մշակված մի շարք օրենքների կամ օրենքներում/որոշումներում փոփոխությունների իրականացման նախագծեր, որոնց մասով դեռևս ոչ մի առաջարկություն չի ստացվել։

Քննարկումը շատ բուռն ստացվեց, սակայն կառուցողական մթնոլորտում։ Հարցեր հնչեցին նաև հավաստագրման կարգի, ներառական դպրոցների ֆիզիկական մատչելիության և այլնի վերաբերյալ։

Հանդիպման երկրորդ մասում փորձագետ Անահիտ Նահապետյանը ներկայացրեց սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ուսումնասիրության և ներառական կրթության մշտադիտարկման արդյունքները։ Իսկ Մելինե Այվազյանը ներկայացրեց Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի գործունեությունը և շահերի պաշտպանության ռազմավարությունը։ Կոալիցիայի անդամ կազմակերպությունները խոսեցին իրենց գործունեության և հաջողության պատմությունների վերաբերյալ։

Tartu Youth Work Center, Fundacja proFesjonalni Aktywni Qlturalni Mlodzi, RICDOG գործընկեր կազմակերպություններն էլ իրենց հերթին խոսեցին իրենց գործունեության, աշխատանքային մեթոդներին վերաբերյալ։

«Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի՝ ՀԵՄԿ-ի կարողությունների զարգացում» ծրագիրն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա»  հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։

«Ներառական երիտասարդական աշխատանք» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ էրազմուս+ ծրագրի շրջանակներում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի, Tartu Youth Work Center, Fundacja proFesjonalni Aktywni Qlturalni Mlodzi, RICDOG կազմակերպությունների կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *