Հաստատվեց Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի շահերի պաշտպանության ռազմավարությունը

Մայիսի 10-ին Երևանի Իբիս հյուրանոցում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի հերթական հանդիպումը, որի նպատակն էր քննարկել և հաստատել կոալիցիայի շահերի պաշտպանության ռազմավարությունը։

Մարտին կայացած երկօրյա համաժողովի ընթացքում արդեն իսկ կոալիցիայի անդամ կազմակերպությունները մշակել էին ռազմավարության նախնական տարբերակը, որը շրջանառվել էր կազմակերպությունների շրջանում ևս մեկ անգամ առաջարկություններ և դիտարկումներ հավաքագրելու նպատակով։ Կոալիցիայի այս հանդիպման ընթացքում քննարկվեցին արված մեկնաբանությունները, հստակվեցին մի քանի խնդրահարույց պահեր, հստակեցվեց կոալիցիայի դիրքորոշումը։

Կոալիցիայի տեսլականն է՝ հաշմանդամություն և զարգացման խնդիրներ ունեցող երեխաները հասարակության լիարժեք անդամներ են և ունեն հավասար հնարավորություններ

Կոալիցիայի կողմից որպես  ռազմավարական ուղղություններ դիտարկվել են երկու ոլորտ՝ սոցիալական աջակցության և ներառական կրության, որոնց շուրջ էլ ռազմավարության մեջ ներկայացվել են կոալիցիայի շահերի պաշտպանության նպատակներն ու գործողությունները։

Սոցիալական աջակցության մասով որպես վերջնանպատակ սահմանվել է՝ Հայաստանում հաշմանդամություն և զարգացման խնդիրներ ունեցող երեխաները ապահովված են որակյալ, հասանելի և կարիքահեն սոցիալական ծառայություններով, որպես ենթանպատակներ՝ 1) Մինչև 2021 թվականը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել են և ներդրվել հաշմանդամություն և զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին մատուցվող ծառայությունների միասնական չափորոշիչներ, 2) Մինչև 2022 թվականը հաշմանդամություն և զարգացման խնդիրներ ունեցող երեխաների  կարիքների գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում ստեղծված է նվազագույնը մեկ սոցիալական աջակցության կենտրոն։

Ներառական կրթության մասով վերջնանպատակն է՝ ՀՀ-ում իրականացվում է որակյալ ներառական կրթություն բոլոր երեխաների համար, ենթանպատակները՝ 1) Մինչև 2023թ․ ոլորտը կարգավորող իրավական ակտերում իրականացված են համապատասխան փոփոխություններ,  2) Մինչև 2023թ․ մշակվել և/կամ վերանայվել են ուսուցչական անձնակազմի, մանկավարժահոգեբանական թիմի և ծնողների վերապատրաստումների չափորոշիչները՝ ներդնելու ներառական կրթության ապահովման համար առավել  արդյունավետ վերապատրաստման ծրագրեր, 3) Հանրությունը իրազեկ է ներառական կրթության բարեփոխումների և ակնկալվող արդյունքների վերաբերյալ։

Կոալիցիայի անդամ կազմակերպությունները հանդիպման ընթացքում քննարկեցին նաև իրենց հետագա անելիքներն ու համագործակցությունը կառավարության հետ ուղղված վերը նշված նպատակներին հասնելու ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *