Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիային միացան քաղաքացիական հասարակության 33 կազմակերպություններ

Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի շրջանակներում ձևավորված Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի հիմնադիր ժողովը: Կոալիցիան անդամակցած 33 կազմակերպությունների մեծ մասը ներկա էր համաժողովին:
Կոալիցիայի նպատակն է նպաստել Հայաստանում ներառական կրթության կայացմանը և հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանությանը՝ մեծացնելով ՔՀԿ-ների ազդեցությունը այս ոլորտի հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում:
Կոալիցիայի ներկա «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը ողջույնի իր խոսքում նշեց. «Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությունը, ներառական կրթության ապահովման խնդիրների լուծումը Հայաստանում պետք է իրականացնել համակարգային, այլ ոչ թե դրվագային լուծումների միջոցով»:
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանը ընդգծեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծման և համակարգային փոփոխությունների հասնելու համար այսօր ներկա քաղաքացիական հասարակության կազմակերպությունները միավորում են իրենց ջանքերը՝ ի նպաստ ներառական կրթության կայացմանը Հայաստանում: Մենք միասին ցանկանում ենք կոալիցիայի միջոցով նպաստել մեր երկրում կառավարության կողմից իրականացվող ներառական կրթության բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև մարզային ՔՀԿ-ների, կառավարության, այլ պետական մարմինների միջև համագործակցությանն ձևավորմանն ու զարգացմանը՝ մեծացնելով հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներում ՔՀԿ-ների դերն ու մասնակցությունը:
Այնուհետև Նաիրա Առաքելյանի կողմից ներկայացվեց կոալիցիայի կանոնակարգը և հուշագիրը, կազմվեց խորհուրդը և քննարկվեցին հետագա համատեղ գործողությունները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *