Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի անդամ կազմակերպությունների արտաքին կարողությունների զարգացմանն ուղղված երկօրյա դասընթաց

Մայիսի 24-25-ը Աղվերանում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի անդամ կազմակերպությունների համար երկօրյա դասընթաց, որի հիմնական նպատակն էր զարգացնել կոալիցիայի անդամ կազմակերպությունների կարողությունները ինչպես համապետական, այնպես էլ տեղական մակարդակներում հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում ակտիվ մասնակցության վերաբերյալ։ 

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախագահ, դասընթացավար Արփինե Հակոբյանը անդրադարձավ այնպիսի թեմաների, ինչպիսիք են ժողովրդավարությունը, լավ կառավարման սկզբունքները, հանրային մասնակցության առավելություններն ու սահմանափակումները, մասնակցության մակարդակներն ու դրանցում կիրառվող գործիքները։

Քաղաքացիների մասնակցությունը մի գործընթաց է, որի միջոցով նրանք որոշակի ներգործություն են ունենում իրենց կյանքի վրա անմիջականորեն ազդող հանրային որոշումների վրա։ Առանց մասնակցության չի կարող խոսք գնալ լավ կառավարման վերաբերյալ։ Առանձնացնում ենք մասնակցության երեք մակարդակ՝ իրազեկում, խորհրդակցում և ակտիվ մասնակցություն։ Մակարդակներից յուրաքանչյուրում կիրառվում են համապատասխան գործիքներ։ Սակայն պետք է հիշել, որ դեռ իրազեկմամբ չենք ապահովում հանրային մասնակցություն, անհրաժեշտ է կիրառել բոլոր վերը նշված երեք մակարդակների գործիքակազմերը։

Դասընթացավարը ներկայացրեց նաև շահառուների կարիքների ուսումնասիրման մի շարք գործիքներ և դրանց կիրառման մեխանիզմները՝ ֆոկուս խմբային քննարկում, հանրային ֆորում, երկրորդային տվյալների վերլուծություն, խորացված հարցազրույցներ, փորձագիտական հարցում։

Դասընթացի երկրորդ օրը Աշտարակի փոխքաղաքապետ, փորձագետ Գևորգ Եղիազարյանը անդրադարձավ հանրային մասնակցությանը տեղական մակարդակում, մասնակիցներին ներկայացվեց ՀՀ բյուջետային համակարգը, պետական և համայնքային բյուջեները, դրանց նպատակն ու կառուցվածքը, բյուջեի ձևավորման սկզբունքները, մուտքներն ու ելքերը։

Բյուջետային գործընթացը բաղկացած է բյուջետային օրացույցի մշակումից, բյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների որոշումից, եկամուտների կանխատեսումից և ծախսային ուղղությունների որոշումից, բյուջետային հայտերի մշակումից, բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումից, բյուջեի նախագծի վերջնական տարբերակի քննարկումից, բյուջեի նախագծի հանրային քննարկումից, բյուջեի հաստատումից մինչև բյուջեի կատարման վերահսկումից և գնահատումից։

Մասնակիցները փորձնական օրինակով քննարկեցին նաև, թե ինչպես իրենք կարող են ազդեցություն ունենալ համայնքային և պետական բյուջեների մշակման գործընթացներում, ինչպես իրենց շահառուների կարիքները կարող են արտացոլել բյուջեներում։

Երկօրյա դասընթացի արդյունքում կոալիցիայի անդամ կազմակերպությունները զարգացրին իրենց կարողությունները հանրային քաղաքականությունների վրա ազդելու ուղղությամբ, բարձրացրին իրազեկվածությունը հանրային մասնակցության գործիքների վերաբերյալ տեղական և համապետական մակարդակներում, ինչպես նաև ՀՀ-ում գործող բյուջետային գործընթացների վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *