Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի անդամ 22 կազմակերպությունների ներկայացուցիչներ միավորեցին իրենց ջանքերը կոալիցիայի շահերի պաշտպանության ռազմավարության մշակման ուղղությամբ

Մարտի 23-24-ը Աղվերանի Բեսթ Վեսթերն հյուրանոցում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի շահերի պաշտպանության ռազմավարության պլանավորման երկօրյա համաժողովը, որին մասնակցում էին կոալիցիայի անդամ 22 կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ելնելով կոալիցիայի առջև դրված նպատակից, այն է նպաստել Հայաստանում ներառական կրթության կայացմանը և հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանությանը՝ մեծացնելով ՔՀԿ-ների ազդեցությունը այս ոլորտի հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում, համաժողովի ընթացքում մասնակիցները բաժանվեցին երկու խմբի՝ ներառկան կրթության և սոցիալական աջակցության։

Առաջին օրվա ընթացքում երկու ուղղությամբ մասնակիցները սահմանեցին կոալիցիայի վերջնանպատակը և կոնկրետ նպատակները։ Սոցիալական աջակցության ուղղությամբ որպես վերջնանպատակ սահմանվեց հաշմանդամություն ունեցող անձանց կարիքահեն, որակյալ և հասանելի սոցիալական ծառայությունների ապահովումը, իսկ որպես կոնկրետ նպատակներ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների միասնական չափորոշիչների սահմանում և տարածաշրջանային կարիքների գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում առնվազն մեկ սոցիալական աջակցության կենտրոնի ստեղծում։ Ներառական կրթության ուղղությամբ վերջնանպատակն է Հայաստանում ներառական կրթության արդյունավետ կայացումը, իսկ կոնկրետ նպատակներն են ներառական կրթության իրավական փաստաթղթերում փոփոխությունների իրականացումը և դպրոցների անձնակազմերի ու ծնողների վերապատրաստումների մեթոդաբանության վերանայումը։

Համաժողովի երկրորդ օրը մասնակիցները իրականացրին շահագրգիռ կողմերի վերլուծություն, նրանց ազդեցության քարտեզագրում, մշակեցին գործողությունների ծրագիր։

Որպես ծրագրի շահագրգիռ կողմեր՝ համաժողովին իրենց մասնակցություն ունեցան ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։ Վերջիններս իրենց պատրաստակամությունը հայտնեցին սերս համագործակցել կոալիցիայի հետ և լսել կոալիցիայի կողմից առաջ քաշված առաջարկությունները։

Կոալիցիայի ռազմավարությունը դեռևս կենթարկվի մշակման և վերջնական տեսքով այն կներկայացվի կոալիցիայի խորհրդի հաստատմանը, որից հետո կրապարակվի և հասանելի կլինի բոլորի համար։

Եվս մեկ հաջողության պատմություն՝ կոալիցիային միացավ «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ-ն և կոալիցիայի անդամ կազմակերպությունների թիվը հասավ 34-ի։

Կոալիցիան ստեղծվել է «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», Վայոց Ձորի զարգացման «Հույս-98», «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ների կողմից «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *