«Ծրագրային մրցունակ առաջարկների մշակում» թեմայով դասընթաց ՀԵՄԿ անդամ կազմակերպությունների համար

Ապրիլի 30-ին Երևանի Իբիս հյուրանոցում Եվրամիության ֆինանսական աջակցությամբ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի՝ ՀԵՄԿ-ի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Ծրագրային մրցունակ առաջարկների մշակում» թեմայով դասընթաց կոալիցիայի անդամ կազմակերպությունների համար։ Դասընթացին ներկա էին 24 հոգի 16 կազմակերպություններից։

Հանդիպման ընթացքում նախ անդամ կազմակերպություններին ներկայացվեց կոալիցիայի մշակման փուլում գտնվող ռազմավարությունը՝ կոալիցիայի տեսլականը, նպատակներն ու գործողությունները։ Այն շրջանառվելու է դեռ դիտարկումներ ու առաջարկություններ հավաքագրելու նպատակով, որից հետո կներկայացվի կոալիցիայի խորհրդին վերջնական հաստատման։

Այնուհետև խոսքը փոխանցվեց դասընթացավարներ Եվրասիա համագործակցություն հիմնադրամից Լիլիթ Արզոյանին և Գայանե Մկրտչյանին։ Նրանք մասնակիցներին ներկայացրին խորհուրդներ, թե ինչպես գտնել ռեսուրսների աղբյուրներ, ծանոթացրին դոնորների տեսակներին՝ մասնավոր հիմնադրամներ, միջազգային/միջպետական կազմակերպություններ, միջազգային ՀԿ-ներ, հայկական սփյուռքի կազմակերպություններ, կորպորատիվ հիմնադրամներ, պետական դոնորներ։ Մասնակիցներին կփոխանցվի նաև հնարավոր դրամաշնորհատուների ցանկը, որը կհեշտացնի հնարավոր ֆոնդեր գտնելու գործընթացը։

Ֆոնդահայթայթման ուղությամբ տրվեցին հետևյալ խորհուրդները․ «Պատրաստեք Ձեր կազմակերպության և ծրագրերի մասին պատմող մեկ-էջանոց նյութ։ Անձնակազմի ամեն անդամ պետք է տեղյակ լինի ծրագրային ուղղություններից և ֆոնդահայթհայթման ծրագրերից։ Կազմակերպությունը պետք է ունենա մեկ կամ մի քանի պատասխանատու անձիք, ովքեր զբաղվում են ֆոնդահայթհայթմամբ»:

Մասնակիցները ծանոթացան դրամաշնորհի դիմելու գործընթացին, օրինակի հիման վրա քննարկեցին, թե  ինչպես աշխատել հայտարարության տեքստի հետ։ Մասնակիցները բաժանվեցին խմբերի ըստ իրենց ծրագրային գաղափարների և գործնականում աշխատեցին տրամաբանական աղյուսակի և հայտի տարբեր բաժինների հետ։ Ծրագրային առաջարկները ներկայացրին ժյուրիի անդամներին և քննարկեցին ծրագրերի գնահատման չափանիշները։

Բյուջեն գումարի չափի լավագույն գնահատականն է, որն անհատը, խումբը կամ կազմակերպությունը նախատեսում է ծախսել տվյալ ժամանակահատվածում` սահմանված նպատակին հասնելու համար: Մասնակիցները ծանոթացան ծրագրերի ֆինանսական պլանավորմանը և բյուջեների տեսակներին, բյուջեի կազմմանը, ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանը։

Եվ վերջում շատ կարևոր է նաև ծրագրային փաթեթի գրագետ մատուցումը դրամաշնորհատուին, ինչպես ճիշտ վերնագրել փաստաթղթերի անունները, գրագետ ուղեկցող նամակ գրել և այլն։

Դասընթացի արդյունքում կոալիցիայի անդամ կազմակերպությունները զարգացրին ծրագրեր մշակելու իրենց հմտությունները, որոնք կօգնեն նրանց հետագայում կոալիցիոն ռազմավարությամբ առաջ քաշված նպատակների ուղղությամբ ծրագրեր մշակելուն և իրականացնելուն։

«Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի՝ ՀԵՄԿ-ի կարողությունների զարգացում» ծրագիրը, որի նպատակն է հզորացնել կոալիցիան՝ հանուն համընդհանուր ներառականության և սոցիալական աջակցության, իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *